14.08.2013

Վարդուշն իր նոր ծնված երրորդ զավակին սպանել է հենց հիվանդանոցում

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վարդուշ Ալլաբյանի գործով բերված բողոքի քննությունը:

28-ամյա Վարդուշը, փաստական ամուսնական հարաբերությունների մեջ լինելով, 2003 և 2005 թվականներին ունեցել է երկու որդի: 

Ըստ դատական ակտի՝ 2012-ին նա հարաբերություններ է ունեցել մեկ այլ տղամարդու հետ ու հղիացել է: 

Չցանկանալով ունենալ այդ երեխային՝ այնուամենայնիվ, կրել է նրան ու 2013 թվականի մարտի 10-ին, ժամը 22-ն անց 25 րոպեին Աբովյանի ծննդատանը ծննդաբերել, տղա է ունեցել: 

Ծննդաբերությունից 2 ժամ հետո նրան երեխայի հետ տեղափոխել են հիվանդասենյակ: 

Մենակ մնալով նորածնի հետ՝ Վարդուշը մտադրվել է կյանքից զրկել ու ազատվել անցանկալի երեխայից: 

Դատավճռում արձանագրված է. Վարդուշը «անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, ձեռքերով սեղմել է նրա դեմքը, ապա ձեռքով անկողնու վրայից հրել է նորածնին: Երեխան, գլուխը հարվածելով անկողնու կողքին դրված պահարանին, դեմքով ընկել է հատակին, ստացել մարմնական վնասվածքներ ու մահացել է»: Նորածին երեխային այս ձևով կյանքից զրկելու համար անսրտության ու անմայրականության որոշակի կոփվածություն էր հարկավոր: Նույնիսկ մանկիկի սպանության գործողությունը նկարագրելն է սառնասրտություն պահանջում, չնայած նկարագրությունը մեջբերված է դատական ակտից:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վարդուշ Ալլաբյանն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:

Նորածնի սպանությունը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով, դա միջին ծանրության հանցանք է համարվում, որով էլ մեղադրանք է առաջադրվել Վարդուշ Ալլաբյանին: Բարոյական տեսակետից նրա կատարածն ավելի ծանր ու շատ ավելի դատապարտելի է համարվում, քան սահմանված է քրեական օրենսգրքով:

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ՝ Վարդուշ Ալլաբյանի մոտ հայտնաբերվել են «բնավորության փսիխոպաթիկ գծեր»: Մասնագետների կարծիքով՝ նորածնին սպանելու պահին նա հաշիվ է տվել իրեն, հասկացել, թե ինչ է անում: Վարդուշ Ալլաբյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հետծննդաբերական շրջանում Վարդուշ Ալլաբյանը գտնվել է «շփոթվածության, պատվախնդրության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա»:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ 

Վարդուշ Ալլաբյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 2 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Վարդուշը և խնդրել իր նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, ազատազրկման չենթարկել՝ գոնե հանուն երեխաների: 

Ըստ փաստաթղթերի՝ նրա խնամքի տակ են երկու որդիները՝ 10 և 8 տարեկան: Թվում է՝ միանգամայն հարգելի պատճառ է՝ սայթաքած կնոջ նկատմամբ օրենքի մեղմությունը կիրառելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստին կալանքի տակ չգտնվող Վարդուշը եկել էր մենակ: Տուժողի, այսինքն՝ սպանված նորածնի իրավահաջորդ էր ճանաչվել Վարդուշի մայրը, ով չէր ներկայացել: Վարդուշն ասաց, թե մայրը վատառողջ է: Հնարավոր է, որ նա ամաչել էր մայրաքաղաք հասնել ու ներկայանալ որպես նորածին երեխային սպանած կնոջ մայր ու միաժամանակ՝ սպանված մանկան իրավահաջորդ:

Վարդուշը մայրաքաղաքային դատարան էր եկել դիմահարդարված ու փոքր-ինչ ըմբոստ կեցվածքով: Դատարան էր եկել նաև Վարդուշի նախկին փաստացի ամուսինը, այսինքն՝ նրա երկու երեխաների հայրը: Պարզվեց, որ տարիներ առաջ է Վարդուշը հեռացել նրանից: Ապրել է, իր ասելով՝ վարձով, ապա, աշխատանք չունենալու պատճառով, չի կարողացել երեխաներին պահել ու «հանձնել է» նախկին փաստացի ամուսնուն՝ երեխաների հորը: Հենց այդպես էլ ասաց՝ «հանձնել եմ»: Ինքն ապրել է առանց երեխաների, չնայած, իր ասելով, այցելել է երեխաներին, նույնիսկ կարճ ժամանակով տարել է իր մոտ:

Նախաքննական ցուցմունքներում Վարդուշը նկարագրել է, որ կապ է ունեցել տարբեր տղամարդկանց հետ, փաստացի ամուսինը նույնիսկ «բռնեցրել է» նրան...

Այսօր վերաքննիչ դատարանում Վարդուշը հայտարարեց, թե այդ ցուցմունքները գրել է քննիչի թելադրանքով, առանց հասկանալու, որովհետև մտածել է, թե իրեն չեն դատի... 

Այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է սպանել նորածնին, Վարդուշը բավական ագրեսիվ կերպով պատասխանեց, թե հիվանդանոցում եղել է սթրեսի մեջ, իրեն լրիվ մենակ էին թողել հիվանդասենյակում, ինքը չի ցանկացել տեսնել երեխային ու չի հասկացել, թե ինչպես է սպանում:

Բնութագրական մի քանի նկատառում. Վարդուշը մեղադրողի կարծիքին ի պատասխան՝ հարց ուղղեց նրան՝ «Դուք ներկա՞ էիք, որ ես ուրիշ տղամարդու հետ էի», իսկ կին դատավորներից մեկի հարցին ի պատասխան՝ զայրույթով դիմեց նրան՝ «Հարգելի՛ս...»:

Վարդուշը փորձեց նախկին ամուսնուն մեղադրել այն բանի համար, որ թույլ չի տալիս երեխաներին հանդիպել: Դատարանի այն հարցին, թե ինչո՞ւ չի փորձել դատական ճանապարհով լուծել երեխաների հետ շփումների, նրանց խնամքով զբաղվելու հարցերը, Վարդուշը պատասխանեց, թե չի ցանկացել դատական ատյանների հետ գործ ունենալ: Թե ո՞ւմ հետ պիտի գործ ունենար նորածնին սպանելուց հետո, երևի չի պատկերացրել: Մտածել է՝ գլխի չեն ընկնի, որ սպանել է, կասի՝ ընկավ ու մահացավ, կհավատան...

Բայց Վարդուշը, միևնույնն է, մայր է, իր տասը և ութ տարեկան երեխաներին հիմա, թե հետո ինչպե՞ս է բացատրելու նրանց նորածին եղբոր սպանությունը, ինչպե՞ս է նայելու երեխաների աչքերին, ինչպե՞ս է վերացնելու նրանց հոգում բուն դրած վախը... Եթե այս նույն ագրեսիվությամբ, ապա երեխաները դժվար թե նրան ընդառաջ գնան...

Այս կինը, ըստ երևույթին, ապրել է իր համար: Երկու երեխաները նրա մոտ չեն եղել, բայց հայր են ունեցել, ում տարիներ առաջ «հանձնել է» նրանց: Նորածին երրորդ երեխայի հայրը պատահական մեկն է եղել, հետևաբար այդ երեխայի խնամքը պիտի որ ինքն իրականացներ, ինչին, ըստ երևույթին, պատրաստ չի եղել: Էգոիզմն Է ճնշել նրա մայրական բնազդը, ճնշել է ավելի վաղ, քան կծնվեր երրորդ երեխան: Գոնե հենց հիվանդանոցում հրաժարվեր երեխայից, գոնե այդքանով մայրաբար գթասիրտ լիներ, այլ ոչ թե «սթրեսի» անվան տակ անհոգի ձևով նրան զրկեր կյանքից...

Վարդուշն իր պահվածքով ու պատճառաբանություններով վերաքննիչ քրեական դատարանին չհամոզեց, որ արժանի է ավելի մեղմ վերաբերմունքի, քան դրսևորել էր ընդհանուր իրավասության դատարանը: 

Նրա վերաքննիչ բողոքը մերժվեց, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ: Երբ այն ուժի մեջ մտնի,

Ալլաբյանին կալանքի տակ կառնեն: 

Որդիները կզգա՞ն մոր բացակայությունը: Չէ՞ որ տարիներով ապրել են ո՛չ նրա կողքին: Նրանց բաժանող անջրպետը երբևէ կհաղթահարվի՞: Չէ՞ որ դրա համար մայրական ջերմություն, համբերություն ու ծնողական հոգս կրելու պատրաստակամություն են պետք, բաներ, որ այսօր բոլորովին չերևացին Վարդուշ Ալլաբյանի պահվածքում: Նա պետք է փոխի ինքն իրեն և ուղիներ գտնի՝ առայժմ երեխաների հետ գոնե շփվելու իրավունքը վերանվաճելու համար: Եթե դա իրեն պետք է
...http://www.1in.am/arm/armenia_right_206242.html

Комментариев нет:

Отправить комментарий