23.09.2013

Լիբանանում ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել



Լիբանանում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 20-ին կազմակերպվել է ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Լիբանանի և Հայաստանի օրհներգերից հետո ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի գործունեությունը, որը, պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, միևնույն ժամանակ իր ուրույն դերակատարությամբ հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը և Լիբանանը միացնող ամուր և հուսալի կամուրջ:  

Խոսելով հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանը համոզմունք է հայտնել, որ վերջերս MEA ավիաընկերության կողմից Բեյրութ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Ընդունելությանը ներկա են եղել նախարարներ և պատգամավորներ, դեսպաններ, հարանվանությունների, պետական կառույցների և լիբանանահայ համայնքի ղեկավարներ և ներկայացուցիչներ: Լիբանանի նախագահին, ազգային ժողովի նախագահին և վարչապետի պաշտոնակատարին ներկայացնում էր երեկոյի գլխավոր հյուր, պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Комментариев нет:

Отправить комментарий