10.10.2013

Հայաստանում հոգեկան և վարքային խանգարում ունեցող 45 000 հաշվառված մարդ կա



Հայաստանում այսօր հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 45 հազար մարդ, այս մասին այսօր Հոգեկան առողջության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Նա տեղեկացրեց, որ օրը նպատակ ունի կանխարգելել մարդկանց հոգեկան խնդիրները։ «Ժամանակին կենտրոնացումը եղել է հոգեկան հիվանդությունների վրա, բայց եկել են եզրակացության, որ եթե կանխարգելիչ միջոցառումներ արվեն, ավելի քիչ հիվանդություններ կունենանք»,-նշեց նա և հիշեցրեց, որ ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից և չկա առողջություն առանց հոգեկան առողջության։

Խաչատուր Գասպարյանը տեղեկացրեց, որ այս տարի Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնությունը կարգախոս է ընտրել «հոգեկան առողջություն և տարեցներ»։ Նրա խոսքով՝ երկու կարևոր հարց է ընդգրկված այս տարվա նշանաբանի հետ՝ նախ ապահովել արժանապատիվ ծերություն, որովհետև նրանք կարիք ունենք ուշադրության, ինչպես նաև ուշադրություն դարձնել այն մարդկանց, ովքեր ծերերի խնամքով են զբաղված։

«Այսինքն, եթե մենք խնամքի կարիք ունենք, խնամք տանողներին էլ չպետք է մոռանալ, որ նրանք էլ կարող են ունենալ նման խնդիր»,-ասաց նա։
Մասնագետը նկատեց, որ հոգեհիգինեա կոչված ուղղության մեջ առանձնացվում են տարբեր տարիքների համար միջոցառումներ, որտեղ նկատելի է դառնում, որ ծերերն ավելի խոցելի են։

«Նրանք ավելի հաճախ են հիվանդանում, խոցելի են սթրեսների նկատմամբ, կյանքի հաջորդ փուլը նրանց մոտ չեզոքանում է, որովհետև հաջորդ փուլ չկա՝ մահն է, ուստի պետք է ավելի շատ հոգ տանենք նրանց մասին»,- բացատրեց նա։

Ասուլիսին ներկա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, հոգեբուժական բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սողոյանն ասաց, որ տարեց համարվում են 60-ից բարձր տարիքի մարդիկ։

Նա տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկներով՝ ներկայումս ամբողջ աշխարհում 60-ից բարձր տարիք ունեցողների թիվն ավելի քան 800 միլիոն է:

«Կանխատեսումները վկայում են, որ 2050 թվականին նրանց թիվը կլինի մոտ երկու միլիարդ: Տարեց մարդկանց մոտ հիմնականում ի հայտ են գալիս հետևյալ հոգեկան խանգարումները` թուլամտություն, դեպրեսիա և տագնապներ, ինչպես նաև համակցություն առողջական տարբեր խնդիրների հետ, ներառյալ` սիրտ–անոթային խանգարումների, քաղցկեղի և դիաբետի հետ»,– ասաց նա:

Արմեն Սողոյանը մեջբերեց նաև ԱՀԿ այլ տվյալներ, ըստ որոնց՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 60-ից բարձր տարիքի մարդկանց 4.7%-ը։

«Վիճակագրությունը փաստում է, որ այս ցուցանիշը յուրաքանչյուր քսան տարին մեկ կրկնապատկվում է և այդ հաշվարկներով 2050 թվականին 60-ից բարձր 115.4 միլիոն մարդ կունենա այդ հիվանդությունը: Տարեցների շուրջ 10%-ի մոտ առկա են տագնապներ, խուճապ և ֆոբիաներ»,- նշեց նա:

Արմեն Սողոյանը հավատացրեց, որ այսօրվա վիճակով հոգեկան հիվանդ չընդունելու խնդիր գոյություն չունի և որ որևէ մեկն իրավունք չունի հոգեկան խնդիր ունեցողից գումար պահանջել։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չկա նաև իրավունք անձի ցանկությանը հակառակ գնալ և նրան տեղափոխել հոգեբուժարան։
 

Комментариев нет:

Отправить комментарий