13.08.2013

Ընտանիքի անդամներից ու ծանոթներից գաղտնի ի՞նչ քայլի է դիմել Արեւիկ Գեւորգյանը

Սերիալային դերերով եւ գեղեցկության միջազգային մրցույթներին մասնակցությամբ հայտնի Արեւիկ Գեւորգյանը մի շարք նորություններ ունի, որոնց մասին պատմել է BRAVO.am-ին:
Արեւիկ Գեւորգյանը

Մոդել-դերասանուհին սեպտեմբերին պատրաստվում է թատերասերներին ներկայանալ իր առաջին մոնոներկայացմամբ, իսկ առաջարկը ստացել է ռեժիսոր Սուրեն Սաֆարյանից, որի նախորդ` “Սիրահարված տաքսիստը” ներկայացմանն անդրադարձել ենք:

“Դերակատարներից Ռոզի Ավետիսովան հրավիրել էր դիտելու ներկայացումը, որից հետո էլ ռեժիսորից համագործակցելու հրավեր ստացա: Սկզբում շատ-շատ էի վախենում, կարծում էի` այդքան չեմ աճել, որ բեմ բարձրանամ, նաեւ վստահ չէի, որ, թատրոնի բեմում երբեք չխաղալով, կարող եմ միանգամից մոնոներկայացմամբ հանդես գալ: Քրտնաջան աշխատում եմ, որ հետո չփոշմանեմ այս ռիսկային քայլիս համար: Չգիտեմ` որքանով կգոհացնեմ հանդիսատեսին. պրեմիերայից հետո կհասկանամ”,-նշել է նա:
Արեւիկ Գեւորգյանը ամառային հանգիստն անցկացրել է Վրաստանում

Արեւիկի խոսքով` ներկայացման հիմքում Ալեքսանդր Պուշկինի “Եվգենի Օնեգին” ստեղծագործությունն է.“Մարմնավորում եմ Տատյանայի կերպարը` ուրիշ մոտեցմամբ ու նոր մեկնաբանություններով: Իմ նախորդ դերերը եղել են դրական ու միանման, այս մեկը տարբերվում է եւ “լողալու” հնարավորություն տալիս”:

Ի դեպ, պարզվում է` սերիալներից հայտնի աղջիկն այս տարի ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտ եւ նորից նստելու է ուսանողական նստարանին. “Ինքս ինձ նվեր արեցի: Բեմական խոսք պարապեցի ու որոշեցի ընդունվել` ներկայացնելով միայն անվճար տեղի հայտ: Ընտանիքիս անդամներին ու ծանոթներիս չէի ասել, միայն մտերիմ 2 ընկերուհիս էին տեղյակ:): Այդ օրերին այնքան բուռն էմոցիաներ ապրեցի, որ ավելի շատ սիրեցի դերասանի աշխատանքը”:
Արեւիկ Գեւորգյանը

Մեր հարցին, թե սերիալների շնորհիվ ճանաչումը որքանով է իրեն օգնել ընդունելության քննության ժամանակ, Արեւիկը պատասխանել է, թե նույնիսկ փոքր-ինչ խանգարել է.“Քննական հանձնաժողովի անդամները չեն հետաքրքրվում սերիալներով, ինձ թվաց` չեն էլ ճանաչում: Նույնիսկ վախենում էի, որ սերիալային ճանաչումս բացասական կանդրադառնա, բայց ի ուրախություն ինձ, ընդունվեցի դերասանական բաժին”:

Այժմ նա սերիալում չի նկարվում, միայն վարում է “Թոփ 10” երաժշտական ծրագիրը.   “Հիմա հիվանդ եմ թատրոնով, թատրոնում խաղալու երազանքս, կարծես, կատարվում է: Սերիալներից փոքր-ինչ դադար կվերցնեմ եւ կկենտրոնանամ ուսման վրա”:
Արեւիկ Գեւորգյանը ամառային հանգիստն անցկացրել է Վրաստանում

Արեւիկ Գեւորգյանն հասցրել է իր քրոջ հետ մեկ շաբաթով մեկնել Վրաստան, եղել է ինչպես Բաթումում ու Քոբուլեթիում, այնպես էլ մայրաքաղաք Թբիլիսիում. “Անձրեւային եղանակը մեզ տխրեցրեց, չկարողացանք լավ արեւահարվել, բայց դա էլ իր դրական կողմն ուներ, որովհետեւ ավելի շատ շրջեցինք, ծանոթացանք տեղանքին եւ հանգստացած վերադարձանք` կիսատ թողած գործերը շարունակելու”:

BRAVO.am
Լուսանկարները` Արեւիկ Գեւորգյանի անձնական արխիվից
 
h.wkwgkRxf.dpuf

Комментариев нет:

Отправить комментарий