23.09.2013

Զինծառայող Խաչատրյանի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի. 2-ը սերժանտ են

Զինծառայող Խաչատրյանի մահվան կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի. 2-ը սերժանտ են
Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանի նկատմամբ ` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Տիգրան Հակոբյանի կալանավորված է:

Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել նաև դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-ի 1-ին մասի հատկանիշներով` «հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:

Այս գործի շրջանակներում երրորդ մեղադրյալը դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանն է, որի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»: Վերջին երկու զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՊՆ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում պարզել է, որ Խաչատուր Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է սեպտեմբերի 15-ին ժամը 03:10-ի սահմաններում համածառայակից ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետևանքով: Panorama.am-ը, վկայակոչելով ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: Տեղեկացրել էինք նաև, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий