10.10.2013

Արմավիրի գյուղերում ցրտահարվել են վարունգները

Արմավիրի գյուղերում ցրտահարվել են վարունգները
Արմավիրի մարզի Հայաթաղ գյուղի` կարկուտից տուժած հողօգտագործողները նոր վնասներ են կրել: Երեկ գիշեր ցրտահարվել են վարունգի թփերը:

«Իմը 2 հազար մետր է: Ջուրն էլ վրեն դրած է եղել»,- Panorama.am-ին ասաց գյուղի բնակիչ Գայանե Բարսեղյանը:

Վարունգը մի քանի անգամ հասցրել են վաճառել, բայց սպասում էին թանկանալուն, որ կատարած ծախսը հանեին:
«Անցած անգամ մենք մոտ 600 կգ բերք ենք հավաքել, որից ստացել ենք մոտ 100 հազար դրամ: Դե հաշվեք: Իմ վարունգի քոլը առողջ էր, երևի մի 7 անգամ էլ կհավաքեինք»,-ասաց տիկին Գայանեն ու շարունակեց. «Հիմա սպասում ենք էս գիշերվան, լրիվ տերևները կծկվել են, քոլը խաշել է, -2 է եղել հողի մակերևույթի վրա, վարունգն էլ ուղիղ չի լինի, դեֆորմացված կլինի, էդ ո՞վ էլ կառնի, բերքը փշատի կորիզի չափ մնացել է վրեն, եղանակն էլ անբարանպաստ է, էդ ե՞րբ պետք է մեծանա ու բերք դառնա»:

Ցորենը քաղելուց հետո աշնանացան վարունգ աճացնելու համար Գայանեի ընտանիքը 170 հազար դրամի ծախս է կատարել` հույսով, որ աշնանը կարկուտից ապահովագրված են: Տեղի ունեցած ցրտահարության մասին ոչ տիկին Գայանեն, ոչ էլ նրա հարևանները գյուղապետարանին, մարզպետարանին չեն տեղեկացրել:

«Լսեք, որ գարնանը կարկտահարությունից հետո եկան, ասեցինք, գրեցինք, ո՞վ մի հատ մատներիցս փուշ հանեց, կարա՞ք ասեք: Գարնան ջրի վարձն են 50 տոկոսով զեղչել, էդ է եղել իրենց օգնությունը: Մենք չենք ստացել ոչ մի բան»,-ասաց նա:

Տիկին Գայանեն ասում է, որ գարնանը 150 մետր երկարությամբ երեք մարգ կանաչի ուներ:
«Կանաչին Մոսկվա էին տանում, գալիս են տնից մի դաստան 150 դրամով տանում էին: Մի մարգը 150 հազար դրամ պիտի օգուտ տար, բայց ոչ մի բան էլ չտեսանք»,-ասաց նա:

Հայաթաղ հարս եկած տիկին Գայանեն ասաց, որ իր ծննդավայր Այգեշատում էլ ցրտահարություն է եղել:

Հարևան Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանի խոսքով, ինքը գյուղի բնակիչներից միայն մեկից է ցրտահարության մասին բողոք լսել: Քանի որ գյուղացու հողամասը հեռու է, չի էլ գնացել տեսնի:
«Չգիտեմ ինչ պատմություն է, ուրիշներն ասում են չի տարել, ինքն ասում է` տարել է: Անձամբ ես էլ ունեմ վարունգի դաշտ, իմը չի տարել»,-ասաց գյուղապետը:

Комментариев нет:

Отправить комментарий